Իրանի քաղաքներում արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակվում են խորացող տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած զանգվածային բողոքի ցույցերը, որոնց ֆոնին երկրի բարձրագույն դատական և ռազմական ղեկավարությունը խիստ միջոցներով է սպառնացել մասնակիցներին և նրանց կողմնակիցներին, հայտնում է Al Jazeera-ն։
Բողոքի ակցիաներ են տեղի ունենում Թեհրանում, Բորուջերդ, Արսենջան և Գիլան-է-Գարբ քաղաքներում: Մայրաքաղաքում ցուցարարները խարույկներ են վառել, իսկ Շիրազում ականատեսներն արձանագրել են, թե ինչպես են անվտանգության ուժերը ճեղքել «մենք ապստամբելու ենք սովի պատճառով» գրությամբ պատնեշը: Իրանի դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեին հայտարարել է, որ իշխանությունները ներողամտություն չեն ցուցաբերի նրանց նկատմամբ, ովքեր, նրա խոսքով, «գործում են ի շահ Իսլամական Հանրապետության թշնամիների»՝ մեղադրելով անկարգություններ հրահրողներին ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ կապերի մեջ:
Նրա հայտարարությունները հնչել են, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սպառնացել էր միջամտել խաղաղ ցուցարարների մահվան դեպքում: Դրանից հետո Իրանի բանակի հրամանատար Ամիր Խաթամին նախազգուշացրել էր կանխարգելիչ գործողությունների հնարավորության մասին՝ հայտարարելով, որ երկրի զինված ուժերը պատրաստ են «ավելի վճռական պատասխան» տալ հակառակորդի սխալի դեպքում:
Սոցիալական լարվածությունը նվազեցնելու նպատակով Իրանի կառավարությունը հունվարի 7-ից սկսել է բնակչությանն ամսական մոտ 7 դոլար վճարել բազային մթերքների գների աճը փոխհատուցելու համար:
Բողոքի ցույցերն սկսվել էին 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի փոխարժեքի կտրուկ անկումից և գների աճից հետո: Իրավապաշտպանները հայտնել են առնվազն 36 զոհի և ավելի քան 2000 ձերբակալվածի մասին, սակայն իշխանություններն այդ տվյալները պաշտոնապես չեն հաստատում:






































