Բուենոս Այրեսում գործող Հայ որբերի օգնության միության (SOAR) ղեկավար և հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի իրավական ներկայացուցիչ Լուսիանա Մինասյանը հայտարարել է, որ ադրբեջանական բանտում առողջական ծանր վիճակի և անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության պատճառով գերեվարված Մկրտչյանի կյանքին վտանգ է սպառնում։
Մինասյանի խոսքով՝ Մկրտչյանի մոտ հայտնաբերվել են արտահայտված բորբոքային գործընթաց, սրտի ախտահարում, զարկերակային բարձր ճնշում, ինչպես նաև պարբերական գլխացավեր, գլխապտույտ և ցավեր կրծքավանդակում։ Նա պնդում է, որ այս տվյալներն առկա են բժշկական փաստաթղթերում՝ չնայած նրա վիճակի «կայուն» լինելու մասին պաշտոնական հայտարարություններին։
Մինասյանը կատարվածն անվանել է «դիտավորյալ բժշկական անտեսում» հայ ռազմագերու նկատմամբ։
Նա կոչ է արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և միջազգային այլ կառույցներին հրատապ միջամտել, ապահովել Մկրտչյանի անկախ բժշկական հետազոտությունը և նրան տրամադրել անհրաժեշտ օգնություն։
Իր հրապարակմանը Մինասյանը կցել է Մկրտչյանի բժշկական փաստաթղթերի մի մասը՝ նշելով, որ դրանք վկայում են իրավիճակի անհետաձգելի բնույթի մասին։
Ավելի վաղ Մինասյանն արդեն դիմել էր Թյուրքին՝ կոչ անելով միջամտել Լյուդվիգ Մկրտչյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նամակում նա նշել էր, որ Ադրբեջանում հայ գերուն ավելի քան հինգ տարի պահելը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, քանի որ, ըստ նրա, որպես կոմբատանտ նա պետք է ազատ արձակվեր 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Մկրտչյանը գերեվարվել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ 2021 թվականի օգոստոսին Բաքվի դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի ռազմագերիներին իբր խոշտանգելու մեղադրանքով։ 2023 թվականին լրատվամիջոցները հայտնում էին, որ հայկական կողմն առաջարկել է Մկրտչյանին ներառել գերիների փոխանակման ցուցակում։






































