ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը հնարավոր է փոխարինի Ռուբեն Ռուբինյանին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացի պաշտոնում, հայտնել է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ այս թեկնածությանը հավանություն է տվել նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը, քանի որ նրան համարում է ամենավստահելի գործընկերներից մեկը։
Կոստանյանը թերթին հայտնել է, որ նման քննարկում չի կայացել և շարունակում է կատարել իր պարտականությունները՝ փոխնախարարի պաշտոնում։
Ռուբինյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ էր նշանակվել 2021 թվականի վերջին։ Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ նա պաշտոնական 6 հանդիպում է անցկացրել, վերջինը՝ 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Երևանում։
Վերջին հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել էին արագացնել երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացման գործընթացը, ուսումնասիրել Գյումրի-Կարս երկաթուղու և էլեկտրահաղորդման գծի գործարկման տեխնիկական հնարավորությունները։
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, իսկ ցամաքային սահմանը Թուրքիայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվականից։




































