Վրաստանն առաջին անգամ չի ներառվել Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի միջոցառումների ծրագրում, հայտնել է Euronews-ը։
Երկրի իշխանությունները հերքել են միջազգային մեկուսացման վերաբերյալ մեղադրանքները, սակայն ընդդիմությունն ու ՆԱՏՕ-ում Վրաստանի նախկին դեսպան Լևան Դոլիձեն հայտարարել են, որ հրավերի բացակայությունը վկայում է արևմտյան գործընկերների հետ Թբիլիսիի հարաբերությունների վատթարացման մասին։
Ավելի վաղ՝ «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքի ընդունումից հետո, Բրյուսելը կասեցրել էր երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Ի պատասխան՝ կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը մինչև 2028 թվականը սառեցրել էր եվրատլանտյան ինտեգրման շուրջ բանակցությունները և բազմիցս մեղադրել Բրյուսելին Թբիլիսիի նկատմամբ քաղաքական ճնշումներ գործադրելու մեջ։
Վրաստանի և եվրոպական կառույցների հարաբերությունները սրվել էին 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից և հետընտրական բողոքներից հետո։ Վրաստանի և ԵՄ-ի հարաբերություններում վերջին ամիսներին պահպանվում է լարվածություն․ կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում ժողովրդավարության, ներքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հարցերի շուրջ։
Հունիսի 10-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ԵՄ-ին մեղադրել էր երկրի քաղաքացիներին վիզային ռեժիմը քաղաքական զենք դարձնելու մեջ։






































