Իրանի և Օմանի ներկայացուցիչները, կատարական կողմի մասնակցությամբ, Մասկատում բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով անցումը բացելու շուրջ, հայտնել է RBC-ն՝ հղում անելով Axios-ի դիվանագիտական աղբյուրներին։
«Տարածաշրջանային աղբյուրը հայտնել է, որ կողմերը քննարկում են հնարավոր հայտարարությունը՝ Հորմուզի նեղուցի «միջնագիծը» (որը գտնվում է միջազգային ջրերում) ազատ և անխոչընդոտ նավագնացության համար ամբողջությամբ բացելու վերաբերյալ»,- գրել է աղբյուրը։
Իրանական IRIB գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հուլիսի 11-ի առավոտյան ժամանել է Մասկատ, որտեղ նրան դիմավորել է Օմանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բադր Ալ-Բուսաիդին։
«Այցը հանդիսանում է խորհրդակցությունների շարունակության և Հորմուզի նեղուցով անվտանգ անցմանը նպաստելու մաս»,- նշված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ The Wall Street Journal-ը և Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էին, որ հուլիսի 7-ի գիշերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարձակվել է Հորմուզի նեղուցի շրջանում գտնվող տանկերների վրա։ Դրանից հետո ԱՄՆ-ն երկու անգամ հայտարարել է Իրանին հարվածներ հասցնելու մասին՝ դրանք անվանելով պատասխան առևտրային նավագնացության վրա կատարված հարձակումներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարն ավարտված է համարում։
Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրել է Wedyan տանկերի վրա հարձակման մեջ։ Էր Ռիադի պնդմամբ՝ Իրանը գրոհել է նաև կատարական Al Rekayyat տանկերը։ Կատարի ԱԳՆ-ն դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով միջազգային ծովային անվտանգության կոպիտ խախտում, և Իրանին կոչ է արել դադարեցնել տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող գործողությունները։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հերքել է Կատարի մեղադրանքները՝ հայտարարելով, որ դրանք հարցեր են առաջացնում և հակասում են բարիդրացիության սկզբունքին։
Հուլիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը խնդրել է Վաշինգտոնին շարունակել բանակցությունները։ Ավելի ուշ Իրանը հերքել էր ԱՄՆ-ի հետ սպասվող բանակցությունների մասին հայտարարությունները։
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ֆոնին Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո ԻՀՊԿ-ն հարվածել էր Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։






































