Կրեմլը սխալ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում, սակայն այդ տարաձայնությունները չի դիտարկում որպես սպառնալիք ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Պեսկովը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունը, որով Ադրբեջանի նախագահը վերահաստատել էր, որ Բաքուն շարունակելու է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
«Կան մի շարք պետություններ, որոնց հետ մեզ կապում են սերտ հարաբերություններ, սակայն նրանք կիսում են այնպիսի դիրքորոշում, որի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Այո, սա մեր տարաձայնությունների առարկան է, բայց չենք կարծում, որ այն պետք է ստվեր գցի երկկողմ հարաբերությունների վրա։ Մենք առաջնորդվում ենք պրագմատիկ մոտեցմամբ»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ ռուսական կողմը կշարունակի հիմնավորել իր դիրքորոշումն ադրբեջանցի գործընկերներին։
Ալիևը նախօրեին հայտարարել էր, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերություններն «ամբողջությամբ կարգավորվել են», իսկ նախկինում ծագած դժվարությունները «մնացել են անցյալում»։
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվել էին 2024 թվականի դեկտեմբերին Ակտաուի մոտ Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանումից հետո, իսկ ավելի ուշ՝ 2025 թվականի ամռանը Եկատերինբուրգում Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալություններից հետո, որոնցից երկուսը մահացել էին։ 2025 թվականի հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ AZAL-ի ինքնաթիռի ողբերգությունը կապված էր օդային տարածքում ուկրաինական անօդաչուի առկայության հետ։






































