«Սպայկա» արտահանող ընկերություն աշխատողներին Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին շուրջ երկու ամիս է՝ աշխատավարձ չեն տվել կամ մասնակի են վճարել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ ընկերությունում իրավիճակը պատճառաբանել են արտահանման հետ կապված խոչընդոտներով։ Լրատվամիջոցը փորձել է պարզաբանում ստանալ «Սպայկա»-ից, սակայն ընկերությունից հեռախոսազանգերին չեն պատասխանել։
Հունիսի սկզբից Ռուսաստանը սահմանափակել էր Հայաստանից մի շարք ապրանքների արտահանումը։ Ռուսական կողմը սահմանափակումները պատճառաբանել էր հայկական արտադրանքի անվտանգության վերահսկողության հետ կապված խնդիրներով։
Հուլիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ քննարկել էր նաև արտահանման ոլորտում ստեղծված իրավիճակը։ Հուլիսի 9-ին նա հայտարարել էր, որ պայմանավորվածությունների մանրամասները կհրապարակի դրանց իրականացումից հետո՝ նշելով, որ արդյունքները տեսանելի կլինեն համապատասխան գործընթացների մեկնարկից հետո։






































