Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները պետք է մինչև դեկտեմբեր քննարկեն միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված բոլոր հարցերը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրների առաջնորդների հայտարարությունը ենթադրում է, որ ոլորտային կառույցները պետք է պետությունների ղեկավարներին զեկուցեն այս հարցի վերաբերյալ իրենց եզրակացությունների մասին։
Հայաստանում ընտրություններին ընդառաջ՝ ռուսական կառավարական շրջանակներից հաճախակիացել են Հայաստանին ուղղված հայտարարությունները՝ կողմնորոշվել իր աշխարհաքաղաքական ընտրության հարցում։ ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները մայիսի 29-ի համատեղ հայտարարությամբ հորդորել էին ՀՀ-ում Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել։
Ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև հնարավոր ընտրության հարցում որոշումը պետք է ընդունի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով։ Նրա խոսքով՝ մինչև Հայաստանը պաշտոնապես չդիմի Եվրամիությանն անդամակցելու կամ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար, նման հանրաքվե անցկացնելն անտրամաբանական է։




































