ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ծանր է տարել» «Իմնեմնիմի» փոդքասթի «Ով ում է դոմփում ՔՊ-ում» վերնագրով հաղորդման մի շարք բացահայտումներ՝ հատկապես ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի մասին դրվագը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով «Քաղաքացիական պայմանագրում» իր աղբյուրներին։
Հաղորդման ժամանակ հայտարարվել է, որ «Մանավազյանը սիրային կապի մեջ է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ», որը Մանավազյանի նախկին ամուսնու մանկության ընկերն է, և այդ պատճառով է բաժանվել ամուսնուց։
Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը վիրավորված է, որ իր վստահելի մարդն ազնվորեն չի ասել իր կապի մասին, և ինքն ամիսներ առաջ Պետրոսյանին նշանակել է ՍԱՏՄ ղեկավար։ Փաշինյանն այնքան է զայրացել, որ Մանավազյանին փոխանցել է՝ այլևս չի ուզում նրան տեսնել, հավելել է ԶԼՄ-ն։
Ըստ հրապարակման՝ «Մանավազյանը Փաշինյանի «աչքն ու ականջն» էր խորհրդարանում, ՔՊ վարչության նիստերին հաճախ հենց նա է դիմավորում Փաշինյանին և նստում կողքին, երկար տարիներ Փաշինյանի խմբագրած թերթի հաշվապահն էր, հեղափոխությունից հետո՝ նաև նրանց ընտանեկան «կասիրը», որի միջոցով են իրականացնում ֆինանսական շարժերը»։
Իշխող թիմում վստահ են, որ բոլոր այն ՔՊ-ականները, որոնց անդրադարձել են հաղորդմանը, իշխող կուսակցության ցուցակում չեն լինելու կամ բարձր պաշտոնների չեն նշանակվելու, շեշտել է թերթը։





































