ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու որոշումը խուճապ է առաջացրել Հայաստանում, քանի որ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից, գրել է «Հրապարակ» թերթը:
Ըստ թերթի՝ խուճապի մեջ են նաև ՀՀ իշխանական շրջանակները, քանի որ հասկանում են, որ դրսի ֆինանսավորումից զրկվածների թիրախն ու ֆինանսավորողն այսուհետ դառնալու են իրենք:
«Որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ արտահայտվում են, որ իրենց կորուստները պետք է փոխհատուցի ՀՀ կառավարությունը: Եթե նրանց ֆինանսավորումը մոտ ապագայում չվերականգնվի, ապա հնարավոր է՝ իշխանությունը որոշ ՀԿ-ների ֆինանսական խնդիրներն իր ուսերին վերցնի»,- գրել է թերթը։
Փետրվարի 3-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը։ Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է USAID-ը Պետքարտուղարության հետ միավորելու հարցը։
2024 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել ԱՄՆ ՄԶԳ-ի միջոցով Հայաստանին հատկացվող ֆինանսավորման ավելացմանը մինչև 250 միլիոն դոլարի չափով։ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև 2022 թվականի հունիսի 29-ին ստորագրված դրամաշնորհային պայմանագրով այս գումարը կազմել էր 120 մլն դոլար։