Ազգային ժողովի նախկին պատգամավոր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն ու աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանն արձագանքել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողություններին և հանդես եկել նրան աջակցող հայտարարություններով։
Նշենք, որ Ծառուկյանը նաև Հայաստանի օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահն է 2004 թվականից։
Ջուլֆալակյանը նշել է, որ 2020 թվականից քաղաքական որևէ հարաբերություն չունի Ծառուկյանի հետ և նրանք տարբեր քաղաքական հայացքներ ունեն։ Այդուհանդերձ, նա քննադատել է Ծառուկյանի դեմ գործողությունները՝ դրանք որակելով «այլանդակություն»։
Նրա խոսքով՝ խնդիրը վերաբերում է ոչ միայն Ծառուկյանին, այլ նաև ցույց է տալիս պետության կողմից քաղաքացու նկատմամբ տարրական մարդկային վերաբերմունքի բացակայությունը։
«Տասնյակ ուժայիններով գետնել 70-ամյա մարդուն՝ իր տանը, երբ նա միայնակ է, չի դիմադրում և պատրաստ է հանգիստ ենթարկվել օրինական պահանջներին, ստորության գագաթնակետն է։ Սա հիվանդ, բարոյազուրկ և թույլ մարդկանց փորձն է՝ ուժի ցուցադրությամբ քողարկելու սեփական ոչնչությունը»,- հայտարարել է Ջուլֆալակյանը։
Ավդալյանն իր հերթին նշել է, որ միշտ պատրաստ է խոսել սպորտի մասին, սակայն իրավական և քաղաքական հարցերին չի ցանկանում գնահատական տալ, քանի որ չի տիրապետում իրավիճակին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ «ամեն պարագայում պետք է պահպանվի մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը» և, որպես մարդ ու մարզիկ, չի կարող անտարբեր մնալ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Ավդալյանը նաև իր աջակցությունն է հայտնել Ծառուկյանին և նրա ընտանիքին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հեռակա բանավեճ էր սկսվել դեռ նախընտրական փուլում։ Փաշինյանը հայտարարել էր, որ «միլիարդատեր» քաղաքական գործիչները պետք է սնանկանան՝ նկատի ունենալով նաև Ծառուկյանին։ Փաշինյանը հայտարարել էր նաև ԲՀԿ առաջնորդի հետ կապվող «Արարատցեմենտ» ընկերությունը պետության վերահսկողության տակ վերցնելու մասին, ինչից հետո ընկերությանն առնչվող վարույթներ էին նախաձեռնվել։
Ծառուկյանը ներգրավված է առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վարույթում, ինչի պատճառով արգելվել է նաև ելքը ՀՀ-ից։ Հուլիսի 6-ի առավոտյան Ծառուկյանի բնակարանում, ինչպես նաև ավելի քան 70 ընկերությունում խուզարկություններից հետո նրան ձերբակալել էին, հուլիսի 7-ին նրան կալանավորել էին։
Ծառուկյանին մեղադրում են նաև ապօրինի որսի մեջ, և այդ վարույթի շրջանակում նրա առաձնատնից առգրավվել էին կենդանիների խրտվիլակներ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, առյուծներից մեկը քնեցումից չէր արթնացել։ Ծառուկյանն իրեն առաջադրված մեղադրանքներն անվանել է «սուտ» և «փուչիկ»։





































