Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ռուսական «Կրասնոդարից» Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» տեղափոխությունը ռուսական ֆուտբոլի պատմության խոշորագույն գործարքներից մեկն է, գրել է Forbes Sport-ը։
Պարբերականի տվյալներով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն եվրո, ևս 5 մլն եվրո նախատեսված է բոնուսների տեսքով։ Նշվում է, որ Սպերցյանը 3 տարվա պայմանագիր է կնքել՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 մլն եվրոն։
Ֆուտբոլիստի գործակալ Վադիմ Օհանյանը Forbes-ին հայտնել է, որ այս տեղափոխությունն «անվերապահ քայլ առաջ է», քանի որ Սաուդյան Արաբիայի առաջնությունում հանդես են գալիս համաշխարհային աստղեր, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուն, Կարիմ Բենզեման և Սադիո Մանեն։
Օհանյանի խոսքով՝ Սպերցյանով հետաքրքրված էին նաև Դորտմունդի «Բորուսիան», Ամստերդամի «Այաքսը», անգլիական «Լիդս Յունայթեդը» և իտալական «Կոմոն», սակայն գործարքները չեն կայացել տեխնիկական և ֆինանսական խնդիրների պատճառով։
26-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և գլխավոր թիմում հանդես էր գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել էր 42 հանդիպում, դարձել 14 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով ակումբին պատմության մեջ առաջին անգամ դառնալ Ռուսաստանի չեմպիոն։
«Ալ-Ահլի» ակումբը հուլիսի 7-ին պաշտոնապես հաստատել էր Սպերցյանի տեղափոխությունը։





































