ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 22-ի արտահերթ նիստում հավանություն է տվել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» նախընտրական դաշինքի անվանափոխությանը, հայտնում է ԿԸՀ-ն։
Համապատասխան հարցմամբ հանձնաժողով էր դիմել դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար Մելոյանը՝ պարզաբանումներ ակնկալելով Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների, ինչպես նաև քաղաքական ուժի՝ նախկինում գրանցված անվանման վերաբերյալ։
Այսպիսով՝ նախընտրական դաշինքի պաշտոնական անվանումն այսուհետ ֆիքսված է որպես «Ուժեղ Հայաստան»։
ԿԸՀ-ն պարզաբանել է, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շրջանակներում կուսակցությունների և դաշինքների առաջադրման ու գրանցման գործընթացի վրա տարածվում են ապրիլի 7-ին ընդունված օրենսդրական լրացումներն ու փոփոխությունները։
Ավելի վաղ Մելոյանը հայտնել էր, որ դաշինքը նախատեսում էր անվանել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ», սակայն դաշինքների անվանումներում անձնանունների օգտագործումն արգելող օրենսդրական փոփոխություններից հետո որոշվել է հրաժարվել այդ ձևակերպումից։
Նրա խոսքով՝ կուսակցությունը կարող էր դիմել Վարչական դատարան, սակայն ձևական ռիսկերը բացառելու նպատակով որոշում էր կայացվել ընտրություններին մասնակցել «Ուժեղ Հայաստան» անվանմամբ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Սամվել Կարապետյանը կազմել էր քաղաքական ուժի նախընտրական վերջնական ցուցակը, որը հրապարակվել էր ապրիլի 21-ին։
ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարան էր ներկայացվել ապրիլի 6-ին: Օրինագիծը մշակվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների կողմից։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից նույն օրը հայտարարել էին, որ նախագիծն «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի դեմ է՝ հաշվի առնելով, որ անվան մեջ անձնանուն կա։ Կուսակցությունում պատահական չէին համարել նախագիծը՝ հաշվի առնելով, որ մի քանի օրից ԱԺ ընտրությունների համար ԿԸՀ փաստաթղթեր ներկայացնելու օրն է։
ԱԺ արտահերթ նիստին զուգահեռ՝ «Ուժեղ Հայաստանն» ակցիա էր իրականացրել խորհրդարանի դիմաց՝ իր բողոքը հայտնելով նախագծի դեմ։ Նրանք ԱԺ-ի դարպասներին փակցրել էին «Փաշինյանը չի կարող կանգնեցնել փոփոխությունը» գրությամբ պաստառներ։
Ընտրական քարտեզի մասին ավելին կարող եք իմանալ Armenia Today-ի տեսանյութում:


































