«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից պահանջել է վարույթ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, հայտնել է Չալաբյանը։
Նա նշել է, որ պաշտոնապես դիմել է ԿԿՀ՝ պահանջելով Փաշինյանի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ՝ ապրիլի 17-ի ԱԺ ելույթի համար, ուր նա օգտագործել էր «շուն ու շանգյալ» արտահայտությունը` ընդդիմության և նրա կողմնակիցների հասցեին։
Մեկնաբանելով ընդդիմադիրներին վերագրվող ենթադրյալ ընտրակաշառքին առնչվող վարույթը՝ Փաշինյանը հայտարարել էր․ «Եթե ասեմ՝ «այդ ուժերը» կանցնեն ԱԺ, նշանակում է՝ մտքովս անցկացնեմ՝ ՀՀ-ում էդքան «շուն ու շանգյալ» կա»։
Չալաբյանի խոսքով՝ Փաշինյանն այսպես վիրավորել է թե՛ քաղաքական մրցակիցներին, թե՛ ընտրողներին։
«Այսպիսի արտահայտությամբ Փաշինյանը վիրավորանք է հասցրել ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլև նրանց բազմահազար հետևորդներին, ընտրողների խմբերին։ Սա նաև խտրական մոտեցում է նրանց նկատմամբ»,- հավելել է Չալաբյանը։






































