Արևմտյան երկրները փորձում են իրենց սեփական կանոնները սահմանել Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում՝ թելադրելով իրենց հարաբերությունները, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Կենտրոնական Ասիայում զարգանում է բավականին հետաքրքիր աշխարհաքաղաքական պայքար, քանի որ Արևմուտքը փորձում է այստեղ սահմանել իր կանոնները, խաղալ գլխավոր դերն այն հարցում, թե ինչպես կազմակերպել կենտրոնական ասիական պետությունների կյանքը, թե ում հետ կառուցել հարաբերություններ:
Նույնը, գուցե ոչ այնքան ակնհայտ, բայց արդեն արտահայտվում է նաև Հարավային Կովկասում»,- ասել է Լավրովը Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ապրիլի 1-ին կայացած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել էին տնտեսական համագործակցությունը, Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ, խորհրդարանական ընտրությունները և Ադրբեջանի հետ կարգավորման հարցը։
Փաշինյանի հետ կայացած հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել էր՝ Մոսկվան կցանկանար, որ դեպի Ռուսաստան կողմնորոշված քաղաքական ուժերը կարողանային մասնակցել ընտրություններին։ Նա նաև նշել էր, որ որոշ քաղաքական գործիչներ գտնվում են կալանքի տակ՝ «չնայած այն հանգամանքին, որ ունեն ռուսական անձնագիր»՝ ընդգծելով, որ ՌԴ-ն չի միջամտում ներքին գործերին, բայց ակնկալում է նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին։
Փաշինյանը հայտնել էր, որ Երևանն առաջարկել է ՌԴ-ին դիտարկել կոնցեսիան բարեկամ երկրներին՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին և Կատարին վաճառելու հնարավորությունը՝ նշելով, որ ռուսական կոնցեսիան Հայաստանի համար ստեղծում է «որոշակի մրցակցային կորուստներ»։ Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն զգուշացրել էր, որ երկաթուղիների կոնցեսիայի վաճառքը կարող է զրկել Հայաստանին ռուսական բեռներից։




































