ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 մլն դրամ, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Գերատեսչությունից նաև տեղեկացրել են, որ նոյեմբերի 5-ին միջնորդագիր են ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ Գասպարյանի կնոջ մոր անունով օրենքի խախտմամբ գրանցված հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Նաև տեղեկացրել են, որ այ հարցով հոկտեմբերի 24-ին հանցանքի մասին հաղորդում են ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։
Նշվում է, որ դատախազությունն ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Արևիկ առողջարան» ՍՊ ընկերության միջև 2007-ին կնքված՝ պետական հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու պայմանագիրը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Դրախտիկ գյուղից 5 կմ հեռու գտնվող հողամասը մեկ տարի անց վաճառվել է Գասպարյանի կնոջ մորը՝ Հեղուշ Գալստյանին։ Դատախազության տվյալներով՝ հետագայում հողամասի նկատմամբ կատարվել են մի շարք գրանցումներ՝ չնայած այն հանգամանքին, որ տեղում արդեն կային ինքնակամ կառույցներ, և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չէր իրականացվել։
Դատախազությունն արձանագրել է՝ տարբեր տարիների Գեղարքունիքի մարզպետարանի, համայնքապետարանի և կադաստրի պաշտոնատար անձինք առանց պատշաճ թույլտվությունների տվել են ճարտարապետահատակագծային առաջադրանքներ և գրանցել են ինքնակամ շինություններ։
Կարդացեք նաև՝
Դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի վճիռը, Գասպարյանը՝ նույնպես
Հանրային մեղադրողը պահանջում է Գասպարյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման․ փաստաբան






































