ԲԷՑ-ում կատարված հանցագործությունները չեն խանգարել նախկին տնօրեն Հայկ Հարությունյանին (պաշտոնն ստանձնել է 2018-ին) և գործող գլխավոր տնօրեն Դավիթ Միրզոյանին (2023-ից ղեկավարում է ԲԷՑ-ը) տարբեր որոշումներով հիմնարկության ղեկավար կազմի աշխատավարձերը և պարգևատրումները մեծացնել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ հեղափոխությունից 1 տարի անց՝ 2019-ին, աշխատավարձերի և պարգևատրումների ֆոնդը տարեկան կազմում էր մոտ 86 մլն դրամ, իսկ 2024-ին այդ թիվը արդեն 114 մլն դրամ էր (մոտ 33%-ով ավելի)։
CivilNet-ը նախկինում հայտնել էր, որ իրավապահ մարմինները պետական «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում բացահայտել էին ավելի քան 2,6 մլրդ դրամի վնաս։ Մեկ այլ հրապարակման համաձայն՝ գողություններ կատարելու առիթով վերջին մեկ տարվա ընթացքում ԲԷՑ-ի դեմ հարուցվել էր վեց քրեական գործ, որի արդյունքում՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերադարձվել էր ընդամենը 8%-ը՝ մոտավորապես 207 մլն դրամ։




































