Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործի մասին, ում մեղադրում են Հայաստանում, ի թիվս այլնի, Ռուսաստանի հետ դաշինքին սատարող արտահայտությունների համար:
ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հայաստանի ուժային մարմինների աշխատանքը երկրի ներքին գործն է, սակայն չի թաքցրել զարմանքը, որ Միութենական պետության մասին խոսքերն ընկալել են որպես ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ:
«Ինչո՞ւ այդպես չեն խոսում ԵՄ-ին անդամակցելու հայտարարությունների մասին: Ի՞նչ են մտածում այդ մասին իրավապահ մարմինները։ Չէ՞ որ ԵՄ-ին անդամակցությունը սահմանափակում է ինքնիշխանությունը, օրինակ՝ արտաքին քաղաքականության, պատժամիջոցների, միգրացիոն ռեժիմի և շատ այլ ոլորտների հարցերում։ Բայց չգիտես ինչու՝ այդ կապակցությամբ քրեական գործեր չկան»,- հայտարարել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Հայաստանն արդեն անդամակցում է ՀԱՊԿ-ին, ԱՊՀ-ին և ԵԱՏՄ-ին, և իշխանություններն իրենք են պարբերաբար խոսում Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին:
Գյումրիի քաղաքապետը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին: Նրա դեմ հոկտեմբերի 25-ին հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Փաստաբանների տվյալներով՝ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչերը»: Առիթը Ղուկասյանի՝ սեպտեմբերի 16-ի և 23-ի հայտարարություններն էին, որտեղ նա խոսում էր այլ երկրների հետ Հայաստանի միութենական պետության ձևավորման հնարավորության մասին: Քննությունն այդ խոսքերը գնահատել էր որպես «ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ»:


































