Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ լրատվամիջոցների՝ Ղուկասյանին ցանկանում են կալանավորել 3 ամսով։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ «խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներով» ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին։ Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձել են թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին։
Այդ ընթացում մի քանի անգամ իրավապահների ու քաղաքացիների միջև բախումներ էին սկսվել, ինչից հետո քաղաքացիներին բերման էին ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։ Ակցիաների ընթացքում ձերբակալվել էր 23 անձ: ՔԿ-ից նշել էին, որ Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքում իրականացվել են քննչական գործողություններ, որոնց խոչընդոտել են մի խումբ անձինք։
Ընդդիմությունը Ղուկասյանի նկատմամբ գործողությունները կապում է Միութենական պետությանը սատարող Ղուկասյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության հետ։ Փաշինյանը նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։




































