Փարաքարի՝ սեպտեմբերի 23-ին սպանված համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատն իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել գործով հնարավոր կազմակերպիչներից մեկին՝ Մերձավանի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանին, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկությամբ՝ սպանությունից մի քանի օր առաջ նրան «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել է Գրիգորյանի սպանության ենթադրյալ կասկածյալ Գևորգ Հարությունյանը։
Մամուլի տեղեկություններով՝ դեպքից ութ օր անց, երբ Ախտոյանի թիմակիցները տեղեկացել են, որ Գրիգորյանի սպանության կասկածյալ Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանը պղծվել է (ջարդուփշուր է արվել հուշարձանը), գյուղում լուրջ ընդհարում է սկսել։
Ախտոյանի թիմակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել՝ բռնություն կիրառելով Գրիգորյանի կողմնակիցների նկատմամբ։ Բախումը տեղի է ունեցել փաստացի ոստիկանության քթի տակ՝ ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, փոխանցել է թերթի աղբյուրը։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին։ Երկու անձ կալանավորվել էր: Նրանցից մեկը Նարեկ Օհանյանն է՝ փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը, և Մերձավանի նախկին համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ախտոյանի հորաքրոջ որդին, մյուսը՝ նրա ընկերը՝ Հարությունյանը:
2025-ի փետրվարին Օհանյանի եղբոր սպանության պատճառ դարձած կրակոցները հնչել էին Ախտոյանի տան մոտ։ Սպանության վարույթով տնային կալանքի տակ էր Փարաքարի սպանված համայնքապետի եղբայրը՝ Պայքար Գրիգորյանը։








































