Մարդու իրավունքների միջազգային պաշտպան և ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտ Ամստերդամը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին ազատությունից զրկելն անվանել է «քաղաքական որոշում», որը կապ չունի ժողովրդավարության հետ: Այս մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Փաստաբանը հայտնել է, որ անմիջական մասնակցություն է ունենալու Կարապետյանի պաշտպանության հարցում։
«Կարապետյանի գործը քաղաքական է․ սպասվում է շոու-դատավարություն»
Ամստերդամը շեշտել է, որ «Կարապետյանի ազատազրկումը վրեժխնդիր քաղաքական գործողություն է, որը դուրս է ժողովրդավարության սկզբունքներից»։
«Այս գործի առնչությամբ առաջինը կնշեմ այն փաստը, որ վարչապետը (Նիկոլ Փաշինյան-խմբ․) ճիշտ չի լսել վստահորդիս բառերը, հետո հնչեցրել է բառեր, որոնք սպառնացող են, վիրավորական։ Այս ամենը ցույց է տալիս, որ նա գործադրելու է ամբողջ իշխանությունը պարոն Կարապետյանի նկատմամբ։ Ժողովրդավարական հասարակությունում սա ամբողջովին չլսված բան է։ Երրորդ՝ նորմալ չէ դատախազի մասնակցությունը, խնդիր է նաև Կարապետյանի ձերբակալման փորձի հանրային բնույթը, մեծաթիվ ոստիկանների կիրառումը երկրի խաղաղասեր բարեգործի նկատմամբ։ Սա ամոթալի է, ոչ բարոյական ու աղաղակող»,- շեշտել է նա։
Միջազգային իրավապաշտպանի կարծիքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը Կարապետյանի նկատմամբ իրականացնում է վարչապետի գրասենյակի քաղաքական պատվերը:
«Կարապետյանին մեղադրանք են առաջադրել՝ հիմնվելով նրա խոսքերի սխալ մեկնաբանության վրա։ Փաստ է, որ այս հանգամանքը չի շտկվել ու այն, որ Կարապետյանն ազատ չի արձակվել, ինքնին ցնցող է։ Օրենքի դատարանում դատախազի մեղադրանքը երբևէ չի կարող հիմնավոր ճանաչվելն անընդունելի է»,- հավելել է փաստաբանը։
Ամստերդամը հիշեցրել է, որ առաջին մեղադրանքին գումարվել է փողերի լվացումը, ինչն իր վստահորդի հետ որևէ կապ չունեցող այլ արարք է։ Նրա խոսքով՝ այդ ամենը «միայն խորացնում է իրավիճակը, և փորձ է արվում գործին լեգիտիմության տեսք հաղորդել»։
Նա նաև կոչ է արել ուշադրություն դարձնել Կարապետյանի գործով դատավորների կազմին:
«Ես չեմ կարող մեկնաբանել դատավորների ընտրությունը, քանի որ մասնակցելու եմ այդ գործընթացին։ Բայց ես կոչ եմ անում Հայաստանի հանրությանը ուշադրություն դարձնել այս գործում դատավորների ընտրությանը և հարցնել, թե ինչով է դա թելադրված՝ սովորակա՞ն, թե՞ հատուկ ընթացակարգով։ Իմ ուսումնասիրությամբ՝ սա քաղաքական գործընթաց է, մենք տեսնելու ենք շոու-դատավարություն։ Կառավարությունը պետք է վերագնահատի քաղաքական գինը միջազգային հանրույթի շրջանակում։ Ես կառավարությանը հավաստիացնում եմ, որ այս գործով իրենց վարքագիծը կարժանանա իրենց բոլոր քաղաքական, տնտեսական գործընկերների ուշադրությանը», - ասել է Ամստերդամը:
Նա շեշտել է, որ «կառավարության անընդունելի գործելակերպի մասին հայտնելու են միջազգային կազմակերպություններին՝ ներառելով նաև եկեղեցու նկատմամբ հարձակումների համատեքստը»։
Կարապետյանի պաշտպանությունը ստանձնած միջազգային փաստաբանն օգոստոսի 14-ից կլինի դատարանի դահլիճում, բայց առայժմ որպես դիտորդ։ ՀՀ-ում փաստաբանի գործունեության համար նրա փաստաթղթերը պետք է գրանցվեն Հայաստանի փաստաբանների պալատում։
Գործարարի փաստաբան Ռուբեն Հակոբյանը Armenia Today-ին փոխանցել է, որ իրենց թիմին Ամստերդամի միանալը կարևոր նշանակություն ունի և միջազգային հնչեղություն կտա առանց այդ էլ աշխարհում լայն արձագանք գտած այս դատավարությանը։ Նրա խոսքով՝ առաջիկա ուրբաթ օրը տեղի կունենա Փաստաբանական պալատի խորհրդի նիստը, որտեղ կկատարվի Ամստերդամի հավատարմագրման գործընթացը, և այդ օրվանից նա կկարողանա ներգրավվել որպես Կարապետյանի փաստաբան։
«Աշխարհը, միջազգային կառույցները, ՄԱԿ-ը պետք է իմանան, թե ինչ է անում Հայաստանի իշխանությունը բարերար Կարապետյանի հետ»,- հավելել է Ամստերդամը։
Armenia Today-ի հարցին, թե Երևան ժամանելուց և կառավարության ներկայացուցիչների հետ քննարկումների պատրաստակամություն հայտնելուց հետո գործադիրից ազդակներ ստացե՞լ է, փաստաբանը բացասական պատասխան է տվել։
«Հայաստանի իշխանությունները Կարապետյանի գործի հարցով ինձ հետ կապ չեն հաստատել։ Ես ուզում եմ հստակ հայտարարել, որ նույնիսկ Հայաստանից հեռանալուց հետո ես մտադիր եմ վերադառնալ այստեղ և միշտ պատրաստ կլինեմ նրանց հետ հանդիպման»,- նշել է Ամստերդամը։
«Հակաեկեղեցական արշավն արգելված է Եվրոպական կոնվենցիայով»
Նա դատապարտել է նաև Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը և Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի դեմ հարուցված քրեական գործերը՝ ընդգծելով, որ եկեղեցու դեմ արշավը չի առանձնացնում Կարապետյանի գործի համատեքստից։
«Եկեղեցում հիերարխիայի մեջ փոփոխություններ անելու մասին իշխանության հայտարարությունները խախտում են ոչ միայն Հայաստանի Սահմանադրությունը, կրոնի մասին օրենքը, այլև եկեղեցու և պետության առանձնացումը, որը ամենուր ժողովրդավարության համար հիմնարար նշանակություն ունի։ Երբ պետությունը ներխուժում է պաշտամունքի տաճարներ, դա միայն վտանգի ու անհանգստության տեղիք է տալիս։ 45 տարի ես պաշտպանել եմ Քրիստոսի զավակներին և այլ կրոնական կազմակերպությունների, բայց հազվադեպ եմ տեսել այն, ինչ հիմա Հայաստանում եմ տեսնում․ կաթողիկոսի դեմ հրապարակային հարձակումներն անընդունելի են ցանկացած քաղաքակիրթ հասարակությունում»,- ընդգծել է փաստաբանը։
Armenia Today-ի հարցին, թե ինչպես է գնահատում Կարապետյանի և հայ հոգևարականների կալանքների օրինականությունը միջազգային իրավունքի տեսանկյունից, Ամստերդամը պատասխանել է, որ Հայաստանում տեղի ունեցողը ամբողջովին արգելված է Եվրոպական կոնվենցիայով։
«Սա անորոշ իրավիճակ է։ Եվրոպական կոնվենցիայով կրոնի ազատությունը սրբազան է։ Անգամ պատերազմական իրավիճակում չկա որևէ նախադեպ, երբ հարձակում կլիներ կրոնի նկատմամբ, ուր մնաց՝ խաղաղության պայմաններում։ Գաղափարը, որ վարչապետն ինչ-որ կերպ պետք է ներգրավված լինի այն խնդիրներին, որոնք միանշանակ վերաբերում են բարձր իշխանությանը՝ ես նկատի ունեմ Տիրոջը։ Միտքը, որ աշխարհիկ իշխանությունն ինչ-որ կերպ պետք է հաղթանակի կրոնական իշխանության նկատմամբ, սրբապղծությունից անդին է»,- շեշտել է փաստաբանը։
Ամստերդամը նշել է, որ հոգևորականներին բանտարկելն իրեն ոչ միայն անհանգստացնում է, այլև ապշեցնում է նաև այն, որ Արևմուտքում գործընթացը պատշաճ ուշադրության չի արժանացել։
«Այս խնդիրը Հայաստանի ներսում է պահվել, ինչը շատ սխալ է։ Եկեղեցու մասին մտածողները պետք է դիմեն նաև միջազգային հարթակներին»,- ասել է նա՝ շեշտելով, որ ինքն այդ հարցով դիմելու է Վատիկանին։
Իրավապահները հունիսի 17-ին խուզարկություններ էին անցկացրել Կարապետյանի տանը՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների նկատմամբ իշխանությունների հարձակումների ֆոնին եկեղեցուն աջակցելուց հետո։ Հունիսի 18-ից նա երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու համար: Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ինչպես նաև նրա առաջնորդած ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի՝ ահաբեկչության և պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղադրանքով։ Հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը:
Կարդացեք նաև՝































