ԱԱԾ-ն բերման է ենթարկել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին իր կեցավայրից։ Այս պահին նրան ձերբակալում են՝ ՀՀ-ում իշխանության զավթմանն ուղղված գործողությունների իրականացման կասկածանքով։ Ըստ հրապարակված կադրերի՝ իրավապահները կապարակնքել են նրա կեցավայրի դուռը։
Նույն կասկածանքով Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին և «Սրբազան պայքար»-ին աջակցած արցախցիների նույնպես բերման են ենթարկել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ձերբակալությունները, գրել է, որ իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունն ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական խոշոր ու եղկելի պլանը»։
Ավելի ուշ «Սրբազան շարժումը» հրապարակել էր մյուս ձերբակալված անձանց ցուցակը։ Նրանք են՝ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, զոհված հերոսի հայր Արա Ռոստոմյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը, Բագրատ արքեպիսկոպոսի կողմնակից Մովսեսը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, գործարար Տիգրան Գալստյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը, Սյունիքի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը։
ՔԿ-ի մոտ փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնել է, որ բոլոր բերման ենթարկվածները 24 ժամվա ռեժիմով են ձերբակալել, հետևաբար՝ այս գիշեր կալանքի հարցը կորոշվի։
Հունիսի 25-ին ԱԱԾ-ն խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման աջակիցների տներում քննչական, վարութային գործողություններ իրականացնելու պատճառը «ՀՀ-ում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ իրականացնելու» ծրագիրն էր, ինչը կանխվել է։ Կոմիտեն ավելի ուշ հրապարակել էր կառավարական կայքերի վրա կիբեռհարձակումների, զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու համար խմբերի ձևավորման, ինչպես նաև իշխանությունը փոխելու համար ուժի կիրառման սցենարների թույլտվության մասին ձայնագրություններ։
Իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործը հարուցվել էր Civic.am կայքի հրապարակած փաստաթղթի հիման վրա՝ որակելով այն պետության «Հեղաշրջման պլան»։




































