Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն 2026 թվականի հունվարի 5-ին միջնորդել են կալանավորել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին, հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը:
Նա հիշեցրել է, որ 2026 թվականի առաջին աշխատանքային օրն իրավապահները մերժել էին Կարապետյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլ տալ գործարարին Մեռելոցի օրն այցելել հոր գերեզմանին:
Վարդևանյանի խոսքով՝ փաստաբանական թիմը ներկայացրել էր և դեռևս ներկայացնելու է վերաքննիչ բողոքներ տնային կալանքի որոշման դեմ։
«Հարց է առաջանում՝ իրավապահ մարմինները, երբ կալանքի ու տնային կալանքի իրավունքների սահմանափակման ինտենսիվության աստիճանները ըստ Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի նույնական են, ավելին՝ Կարապետյանի նկատմամբ այն կիրառվել էր հնարավոր ու անհնար լրացուցիչ սահմանափակումներով՝ բողոքի հիմք, հիմնավորումն ինչպե՞ս պետք է ներկայացնեին»,- նշել է նա։
Փաստաբանի խոսքով՝ իրականում որևէ հիմնավորում չկա, որ Կարապետյանը լինի կալանավորված։
Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին, երբ հրապարակավ քննադատել էր Հայաստանի իշխանությունների կողմից Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և հոգևորականների հասցեին հնչող հայտարարությունները։ Ավելի քան վեց ամիս անազատության մեջ անցկացնելուց հետո «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը դեկտեմբերի 30-ին վերադարձել էր տուն։ Դատարանը բավարարել էր փաստաբանական թիմի միջնորդությունը՝ գործարարի խափանման միջոց կալանքը փոխարինելով տնային կալանքով ու գրավով։





































