Փետրվարի 3-ին Մոսկվայի Алые паруса էլիտար բնակելի համալիրի շքամուտքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է մեկ մարդ, կա 4 վիրավոր, որոնց թվում է հայազգի Արմեն Սարգսյանը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Օպերատիվ ծառայություններում ՏԱՍՍ-ի աղբյուրները տեղեկացել են, որ Սարգսյանի դեմ մահափորձը պատվիրված և մանրակրկիտ ծրագրված էր:
Interfax-ը գրել է, որ Սարգսյանը գլխավորում է Դոնեցկի բռնցքամարտի ֆեդերացիան և Ուկրաինայում հիմնել է ռուս-ուկրաինական հակամարտությանը մասնակցող կամավորական «Արբատ» գումարտակը։ Կայքը նշել է, որ Սարգսյանը հայտնի է նաև որպես Արմեն Գորլովսկի։
Մոսկվայի դատախազությունը և քննչական մարմինները հետաքննություն են սկսել։ Դեպքի վայր է ժամանել նաև մայրաքաղաքի քննչական կոմիտեի ղեկավարը։
ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Քննիչները շարունակում են աշխատել կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի ուշ «ՌԻԱ Նովոստի»-ն գրել է, որ Սարգսյանին ծանր վիճակում հոսպիտալացրել են, նրա ոտքն անդամահատում են։
Սարգսյանը ծնունդով Հայաստանից է, բայց երիտասարդ տարիքից սկսել է ապրել Ուկրաինայի արևելքում՝ Գորլովկայում։ 2022 թվականի սեպտեմբերին Սարգսյանը հայտարարել էր Դոնբասի «Վայրի դիվիզիայի» կազմում հայկական գումարտակի ստեղծման մասին։ 2023 թվականի ամռանը գումարտակը դարձել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության մաս։