Երևանում դեկտեմբերի 27-ի երեկոյան սկսեց ձյուն տեղալ, որը շարունակվեց ամբողջ գիշեր։ Առատ տեղումների հետևանքով մայրաքաղաքի մի շարք փողոցներ ու բակեր դարձան դժվարանցանելի, արձանագրվեցին ճանապարհատրանսպորտային պատահարներ և խցանումներ։
Չնայած այն հանգամանքին, որ քաղաքային իշխանությունների հավաստմամբ՝ համապատասխան ծառայությունները նախապես պատրաստ էին ձյան տեղումներին, իրականացվում էին շուրջօրյա ձնամաքրման և ճանապարհների մշակման աշխատանքներ, իսկ իրավիճակը գտնվում էր վերահսկողության տակ, առավոտյան քաղաքում ստեղծված պատկերը բազմաթիվ հարցեր առաջացրեց, ինչպես և նախորդ տարի՝ արդյոք ձնամաքրման աշխատանքները պատշա՞ճ են իրականացվել։
Armenia Today-ը հարցում է անցկացրել մայրաքաղաքում՝ քաղաքացիներից հետաքրքրվելով՝ արդյոք գո՞հ են ձնամաքրման աշխատանքներից։
Քաղաքացիների մի մասը դժգոհեց ձնամաքրման աշխատանքներից։
«Բայց ո՞ւր է, որ մաքրել են, սա մաքրա՞ծ է համարվում»,- ասաց անցորդներից մեկը։
Ոմանք, թեև կանգնած էին սառցակալած մայթերին, միևնույնն է պատասխանեցին, որ գոհ են, և ձնամաքրումը պատշաճ կերպով է իրականացվել։
«Հա, շատ գոհ եմ, մայթերն ու ճանապարհները հոյակապ մաքրած են»,- նշեցին նրանք։
Հարցմանը մասնակցած քաղաքացիներից ոմանք էլ ընդգծեցին, որ մաքրված են միայն կենտրոնական ճանապարհները, իսկ մայթերին և բակերում ոչինչ արված չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։





































