ՀՀ կառավարությունը նոյեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով Հայաստանն Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա արտահանվող իր ապրանքների 95%-ի համար արտոնյալ մուտք կստանա։
Փոփոխությունը բխում է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և ԱՄԷ-ի՝ մյուս կողմից, միջև տնտեսական գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացնելու» նախագծից։
Նախագծում նշվում է, որ Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ։ Նախագծում հավելել են, որ համաձայնագրի վավերացման արդյունքում և արտահանման ծավալների պահպանման դեպքում հայկական արտահանողներն ուղղակի կսուբսիդավորվեն մոտ 500 հազար դոլարով, իսկ Հայաստանից ԱՄԷ արտահանվող ապրանքների միջին մաքսատուրքը 6%-ից կնվազի 2,6%-ի։
Փաստաթուղթն ստորագրվել է հունիսի 27-ին և նախատեսում է ապրանքների առևտուրն ավելի հեշտ ու քիչ ծախսատար դարձնել՝ սակագների, խոչընդոտների նվազեցմամբ ու միասնական կանոնների ներդրմամբ։
Արտոնությունները չեն տարածվի ծխախոտի, ալկոհոլի, պղնձի հանքաքարերի և մի քանի սննդամթերքի վրա, որոնք ԱՄԷ-ն համակարգային կերպով բացառել է իր ազատ առևտրի բոլոր համաձայնագրերից։ Մնացած ապրանքների համար, հատկապես գյուղատնտեսական ու արդյունաբերական՝ մրգեր, մեղր, հյութեր, ալյումինե արտադրանք, էլեկտրոնիկա, սպասվում է արտահանման մեծացման հնարավորություն։
Հունիսի 28-ին ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրեր էր ստորագրել ԱՄԷ-ի և Մոնղոլիայի հետ։
Կարդացեք նաև՝





































