Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը փետրվարի 27-ին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է, որ կենսաթոշակների՝ ապրիլի 1-ից սպասվելիք բարձրացման ֆինանսավորումը բյուջետային հնարավոր ճեղքվածքների ռիսկեր չի առաջացնում:
«Որևէ ֆիսկալ ռիսկ այս առումով չկա: Ֆինանսավորման աղբյուրները հայտնի են, դրանք հավաքագրվող հարկերն ու ոչ հարկային եկամուտներն են»,- նշել է Պողոսյանը:
Անդրադառնալով Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի՝ բյուջետային հնարավոր ճեղքվածքի վերաբերյալ նախազգուշացումներին՝ փոխնախարարը վստահեցրել է, որ կառավարության որոշումները խարսխված են փաստացի վերլուծությունների վրա։ Այդուհանդերձ, փոխնախարարը չի հստակեցրել, թե արդյոք նախատեսվո՞ւմ է ծախսերի կրճատում հստակ ոլորտներում կամ արդյոք առկա՞ են բյուջետավորման այլ ճանապարհներ։
«Վատատեսական մտահոգությունները փարատելու համար հայտնում եմ, որ 2025 թվականին գրանցվել է ոչ թե աճի դանդաղում, այլ հակառակը՝ աճի արագացում, ինչը լրացուցիչ վստահություն է հաղորդում»,- ընդգծել է Պողոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ի տեսաուղերձում նշել էր, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հստակեցրել էր, որ բազային կենսաթոշակը 24 հազար դրամից կբարձրանա մինչև 34 հազար դրամ:
ԱԺ-ում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետը նշել էր, որ թոշակների բարձրացումն անարդյունավետ որոշում կլինի, քանի որ այդ գումարը թոշակառուների կյանքն էական բարելավման չի բերելու։ Այնուհանդերձ, երեք ամիս հետո այդ տեսակետի փոփոխությունը Փաշինյանը պատճառաբանել էր 2025 թվականի տնտեսական աճի արդյունքներով, որը գերազանցել է կանխատեսումները, ինչպես նաև նրանով, որ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը բյուջեում լրացուցիչ միջոցներ է ազատել:





































