«Երևանի նորաձևության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Կերպի ձևը․ երկխոսություն արվեստի և նորաձևության միջև» խորագրով ցուցահանդեսը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«Բազմաթիվ հանրահայտ թանգարաններ կազմակերպում են նման ցուցադրություններ, որոնցում նորաձևությունը համադրվում է արվեստի գործերի հետ: «Կերպի ձևը» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսներ շուրջ 1 ամիս կանցկացվեն նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների, Սերգեյ Փարաջանովի, Ռուսական արվեստի թանգարաններում, այն լինելու է շարունակական»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը։
Այս տարի 4 թանգարան է մասնակցում նորաձևության շաբաթին, հայտնել է փոխնախարարը։
Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվել են հայ դիզայներների հագուստներ, որոնք ստեղծվել են՝ թանգարանի մշտական ցուցադրության արվեստի գործերից ոգեշնչվելով։ 25 հայ դիզայներներ ներկայացրել են հագուստներ, որոնց հիմքում ընկած են ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային արվեստի տարբեր դարաշրջանների վարպետների ստեղծագործությունները։
Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը:





































