2026թ․ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին մնացել է 3 ամիս, և քաղաքական դաշտն արդեն սկսել է վերադասավորվել։ Ակտիվություն են ցուցաբերում ինչպես գործող խորհրդարանական ուժերը, այնպես էլ արտախորհրդարանական կուսակցությունները։
Նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում նաև ԿԸՀ-ն։ Մարտի 11-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել էր, որ շեշտը դնելու են տեղամասերից ուղիղ հեռարձակումների ապահովման և ընտրական ընտրական գործընթացի թվայնացման վրա։
Նա նաև տեղեկացրել էր, որ այս տարի անցողիկ շեմերը նվազել են՝ սահմանելով կուսակցությունների համար 4%, 3 կուսակցություններից կազմված դաշինքների համար՝ 8%, ավելի մեծ միավորումների համար՝ 15%։
Կուսակցություններն ու դաշինքներն էլեկտրոնային եղանակով կարող են ընտրությոններին մասնակցության օգտահաշիվներ ստանալ մինչև ապրիլի 23-ը։ Ընտրական հայտերի գրանցումը կտևի մինչև մայիսի 3-ը։ Պաշտոնապես նախընտրական քարոզչությունը կսկսվի մայիսի 8-ից և կտևի մինչև հունիսի 5-ը։
Armenia Today-ը հարցում է անցկացրել մայրաքաղաքում՝ պարզելու համար՝ արդյոք քաղաքացիները վստահո՞ւմ են ԿԸՀ-ի գործունեությանը, ինչպես նաև փորձել ենք պարզել, թե ի՞նչ են մտածում մեր քաղաքացիները՝ արդյոք Անկախությունից ի վեր Հայաստանում երբևէ արդար ընտրություններ իրականացվե՞լ են թե՞ ոչ։ Նրանց մի մասը հավատում է, որ ընտրություններն արդար կանցնեն։
«Առաջ ընդհանրապես չէի վստահում, հիմա 80%-ով վստահուհում եմ ԿԸՀ-ին, որ ընտրություններն արդար կանցնեն»,- այսպես է ասել մի քաղաքացի։
Հարցվածների մի մասն էլ հակառակ կարծիքն ունի ԿԸՀ-ի և, առհասարակ, ընտրությունների թափանցիկության վերաբերյալ։
«Ոչ, հինգ անգամ ոչ, և այդքանով ամեն ինչ ասված է, որովհետև ամեն ինչ անարդար է, ինչո՞ւ պիտի ընտրություններն արդար անցնեն»,- նման կարծիք է հայտնել մի այլ քաղաքացի։
Ոմանք էլ դժգոհություն են հայտնել իշխանության նկատմամբ՝ դրանով պայմանավորելով, որ արդար ընտրությունների ակնկալիք չունեն։
«Նիկոլի վարկանիշը շատ ցածր է, բայց նա ամեն գնով կուզենա անցնել իշխանության և դրա համար ամեն ինչ կանի»,- այսպես է մտածում մեկ այլ քաղաքացի։
Հարցին, թե երբևէ Հայաստանում արդար ընտրություններ անցկացվե՞լ են, դարձյալ տարբեր կարծիքներ են հնչել։
«Արդար ընտրություններ եղել են երկու անգամ։ Մեկը՝ 1991թ․, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն է ընտրվել, մյուսն էլ 2018-ին, երբ իշխանազավթում եղավ և Նիկոլ Փաշինյանն արդար ընտրվեց, բայց՝ ոչ բարով ընտրվեր»,- նման կարծիք է հայտնել քաղաքացին։
Հարցվածներից որոշներն էլ կարծում են, որ Հայաստանում երբևէ ընտրություններն արդար չեն անցել։
«Այս կյանքում երբեք ոչինչ արդար և թափանցիկ չի անցել»,- ասել է քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում։





































