Օկուպացված Արցախի Տոնաշենում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքն ադրբեջանցիների կողմից ենթարկվել է վնասման, հայտնել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
2024-2025թթ. հեռացվել է վանքի մետաղյա ծածկի մեծ մասը, որը տեղադրվել էր 2009թ․ վերականգնման ընթացքում: Համալիրն ընդգրկում է վանական եկեղեցի, մատուռ և օժանդակ շենք՝ խաչքարերով ու արձանագրություններով։
Սուրբ Ամենափրկիչ Վանքն Ադրբեջանում ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում։ Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) կոչ է անում ադրբեջանական իշխանություններին ներառել այս հուշարձանը որպես 17-րդ դարի հայկական վանք և ապահովել դրա ամբողջական պաշտպանությունը։
«Հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը, աղավաղումն ու յուրացումն Արցախի բռնազավթված տարածքներում այլևս չի կարող դիտարկվել որպես անփութության դրսևորում կամ ռազմական գործողությունների երկրորդական հետևանք։ Այն ձևավորում է Ադրբեջանի պետական քաղաքականության հիմնարար առանցքը, որն իրականացվում է հաստատուն, ավտորիտար կառավարման համակարգի կողմից՝ բազմիցս դրսևորելով բացահայտ թշնամանք պատմական փաստերի, մշակութային բազմազանության և միջազգային իրավակարգի նկատմամբ»,- ասված է Ավանեսովի հայտարարության մեջ։
Նա շեշտել է, որ այդ գործընթացները կանխամտածված, երկարաժամկետ և համակարգային պետական դոկտրինի դրսևորումներ են, որոնք ուղղված են հայկական մշակութային հետքի լիարժեք վերացմանը։ Հայկական ժառանգության ջնջման գործընթացով, օմբուդսմենի համոզմամբ, Ադրբեջանի իշխանությունները փորձում են վերացնել այն նյութական և փաստագրական շերտերը, որոնք վկայում են տարածաշրջանում հայերի տեղաբնիկության մասին։
«Սա ոչ միայն պատմության կեղծման փորձ է, այլև տարածքային հավակնությունների հաստատման մեխանիզմ՝ մշակութային փաստերի ֆիզիկական ոչնչացման միջոցով։ Այդ քաղաքականությունը վերածվում է ժառանգության ոչնչացման ինստիտուցիոնալացված գործառույթի՝ իշխանական վերահսկողության և գաղափարական գերակայության ապահովման նպատակով, ինչը բացահայտորեն հակասում է միջազգային իրավունքի նորմերին»,- ընդգծել է Ավանեսովը:
2023 թվականի սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախում չորս գյուղ և ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, այդ թվում՝ ավելի քան 10 եկեղեցի, գրեթե 50 հուշահամալիր, քանդակներ և խաչքարեր: Armenia Today-ը տեղեկություններ է հավաքել Լեռնային Ղարաբաղի տարածքում ոչնչացված բոլոր պատմական և մշակութային նշանակության հուշարձանների մասին, որոնք դարձել են Բաքվի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության զոհ։






































