ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ներում է շնորհել Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Հենրի Կուելլարին և նրա կնոջը, որոնք մեղադրվում են կաշառակերության մեջ, փոխանցում է Reuters-ը։
Թրամփը պնդել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «զենքի է վերածել արդարադատության համակարգը»՝ Բայդենի ներգաղթային քաղաքականության դեմ Կուելլարի հայտարարությունների համար:
2024 թվականի մայիսին կոնգրեսականը և նրա կինը՝ Իմելդան, մեղադրվել էին Ադրբեջանի պետական էներգետիկ ընկերությունից և Մեքսիկայի անանուն բանկից մոտ 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ: Այնուհետև կաշառքները լվացել էին կոնգրեսականի կնոջը պատկանող կեղծ ընկերություններում կնքված կեղծ խորհրդատվական պայմանագրերի միջոցով:
Հետաքննության տվյալներով՝ կաշառքի դիմաց Կուելլարը փորձել էր օգտագործել իր հանրային դիրքը՝ Ադրբեջանի օգտին ազդելու ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա և ճնշում գործադրելու ԱՄՆ կառավարության պաշտոնյաների վրա՝ օգնելու մեքսիկական բանկին լոբբինգ անել փողերի լվացման դեմ պայքարում:





































