ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուկրաինական հակամարտության համար մեղադրել է Կիևին և ԱՄՆ նախկին ղեկավարությանը: Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դաժան և սարսափելի է, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ուժեղ և որակյալ ղեկավարության դեպքում դա երբեք տեղի չէր ունենա»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ նախկին նախագահ Ջո Բայդենի նախագահության օրոք հակամարտությունը միայն վատթարացել է։
«Ժառանգեցի մի պատերազմ, որը երբեք չպետք է տեղի ունենար, մի պատերազմ, որը պարտություն է բոլորի համար, հատկապես՝ միլիոնավոր մարդկանց, ովքեր անտեղի զոհվել են»,- գրել է Թրամփը։
Axios պարբերականը նոյեմբերի 21-ին ներկայացրել էր Թրամփի 28 կետից բաղկացած ծրագրի մանրամասները, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում: Փաստաթուղթը նաև անվտանգության երաշխիքներ է տրամադրում Ուկրաինային:
Կիևն զգուշորեն էր արձագանքել Թրամփի հայտարարություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահն անվանել էր Ուկրաինայի պատմության «ամենադժվարներից մեկը» և զգուշացրել, որ երկիրը կանգնած է «արժանապատվության կորստի» և «հիմնական գործընկերոջը կորցնելու ռիսկի» միջև ընտրության առաջ։ Ուկրաինայի իշխանությունները հաստատել էին փաստաթղթի վրա «կառուցողական և արագ» աշխատելու իրենց պատրաստակամությունը, բայց պնդել, որ ծրագիրը պետք է լինի «իսկական» և հաշվի առնի Կիևի դիրքորոշումը։ Իր հերթին՝ Մոսկվան հայտարարել էր, որ նախաձեռնությունը նոր գաղափարներ չի պարունակում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել էր, որ ծրագիրը կարող է օգտագործվել որպես հիմք ապագա բանակցությունների համար:






































