ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հաստատել է նույնականացման քարտի նոր արտաքին տեսքն ու անվտանգային բաղադրիչները, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն՝ տեղեկացնելով, որ մեկնարկել է հումքի արտադրությունը։
Նշվում է, որ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չեխիայի Օստրավա քաղաքում գտնվող ֆրանսիական IN Group ընկերության արտադրամաս, քննարկվել են նաև անձնագրի տվյալների էջի կառուցվածքին և դիզայնին վերաբերող մի շարք տեխնիկական հարցեր։
Նախարարին է ներկայացվել սահմանների կառավարման էլեկտրոնային համակարգերի մոդեռնիզացիոն ուղղություններն ու տեխնիկական լուծումները, անդրադարձ է կատարվել նաև բիոմետրիկ համակարգի ներդրման ընթացիկ իրավիճակին, զարգացման գործընթացին, սպասվող նորարարություններին։
Ըստ հաղորդագրության՝ Սարգսյանը ծանոթացել է ինչպես նույնականացման քարտերի, այնպես էլ անձնագրերի տպագրության բուն գործընթացին՝ նշելով, որ առաջնահերթություն է կենսաչափական փաստաթղթերի տրամադրման ոլորտում ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների համար նոր որակի ծառայությունների մատուցումը։
Նշվում է, որ ՆԳՆ-ն մասնավոր գործընկերոջ հետ համատեղ գործադրում է առավելագույն ջանք խոստացված ժամկետում՝ 2026 թվականի երկրորդ կիսամյակում, կենսաչափական փաստաթղթերի արտադրությունը սկսելու համար։
Սարգսյանը կարևորել է մասնավոր գործընկերոջ հետ համագործակցությունն ինքնության կառավարման ենթակառուցվածքում նորարարական լուծումների ներդրման և փաստաթղթային անվտանգության մասով և ընդգծել, որ այն էական դեր ունի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում։
Ապրիլին ՆԳՆ-ն հայտնել էր, որ ստորագրվել է կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը։





































