Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրել են, որ առավոտյան ժամը 8։00-ին բացվել է ընտրությունների համար ձևավորված 47 ընտրատեղամաս։
Ընտրությանը մասնակցում է ութ քաղաքական ուժ, դրանց թվում են՝ Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ «Հայրենիք» կուսակցությունը, Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքը, որը միավորում է «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները, Արգիշտի Մեխակյանի առաջնորդած ցուցակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Վահրամ Ազատյանի առաջնորդությամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Մայր Հայաստան» ազգային-ժողովրդավարական կուսակցությունը՝ համայնքապետի թեկնածուն՝ Գրիշա Հարությունյանը, Արկադի Փայտյանի գլխավորությամբ «Ժառանգություն» կուսակցությունը, Հարություն Մկրտչյանի առաջնորդությամբ «Հանրապետություն» կուսակցությունը և «Համահայկական ճակատ» կուսակցությունը՝ ցուցակի առաջին համարը՝ Արտեմ Սիմոնյան:
Վաղարշապատը խոշորացված համայնք է, որը ներառում է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքը և 18 գյուղ: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ընտրողների թիվը կազմում է 69 866 մարդ: Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել է 31 տեղական ԶԼՄ։ Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն։
Ի՞նչ խախտումներ են արձանագրվել քարոզարշավի ընթացքում
Լրատվամիջոցները հայտնել էին, որ Վաղարշապատում քարոզարշավի ընթացքում գրանցվել են խախտումներ, որոնք կապված են ՔՊ կուսակցության օգտին վարչական ռեսուրսների օգտագործման, քարոզչական պաստառների չարտոնված վայրերում տեղադրման և ընդդիմադիր նյութերի վնասման հետ:
«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնել է, որ Վաղարշապատի գործող քաղաքապետ և ՔՊ կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանի հրապարակային հայտարարությունը, թե ընտրություններից երկու ամիս առաջ համայնքը պետական բյուջեից ստացել է ավելի քան 500 միլիոն դրամ անհետաձգելի ենթակառուցվածքային նախագծերի համար, կարող է դիտվել որպես ընտրողների վրա իշխող կուսակցության օգտին ազդելու փորձ:
Ավելին, առաքելությունը հաղորդել էր, որ Արմավիր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանն իր աշխատանքային ժամերին քարոզարշավ է իրականացրել ՔՊ-ի օգտին՝ շարունակելով կատարել իր պաշտոնական պարտականությունները և օգտագործել վարչական ռեսուրս:
Ձերբակալություններ՝ քարոզարշավի ընթացքում
Նոյեմբերի 9-ին ձերբակալվել էր Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը՝ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Համբարձումյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։
«Ազատությունը» նոյեմբերի 7-ին գրել էր, որ նա Վաղարշապատի ընտրություններում տեղամասային հանձնաժողովի նախագահ է լինելու, և ընթացող քարոզարշավին զուգահեռ՝ Ֆեյսբուքի իր էջում մանրամասն պատմել էր, թե որ բնակչին ինչ է բաժանել: Համբարձումյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Նոյեմբերի 12-ին Վաղարշապատ համայնքի «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակի տարածքից ձերբակալվել էր բլոգեր, կուսակցության աջակից Օնիկ Հարությունյանը։ Նրան մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։
Ընտրությունների նախօրյակը
«Մայր Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու Հարություն Խաչիկյանն ընտրությունների նախօրեին ահազանգել էր, որ ըստ ընտրական ցուցակների՝ իրենց բնակարանում հավելյալ 9 անձ կա հաշվառված։
«Նրանք որևէ կապ չունեն տվյալ հասցեի հետ և, թերևս, եկել ու մեր տանն են հաշվառվել ժողովրդավարության բաստիոնից»,- նշել էր նա։
ՆԳՆ-ից արձագանքել էին, որ տվյալ հասցեում հաշվառումը կատարվել էր 2021 թվականին, այսինքն՝ առաջիկա ընտրությունների ընտրացուցակների հրապարակումից շուրջ չորս տարի առաջ։ Նշվածը, ըստ ՆԳՆ-ի, փաստում է, որ ընտրացուցակ կեղծելու կամ տվյալ հասցեում ընտրող ավելացնելու վերաբերյալ տարածվող հայտարարությունները որևէ փաստական հիմք չունեն։
«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Գոհար Մելոյանը նոյեմբերի 15-ին հայտնել էր, որ ԿԸՀ արտահերթ նիստում քննարկելու են դիտորդական առաքելություն իրականացնող մի քանի կազմակերպության, այդ թվում՝ իրենց, հավատարմագրման հարցը։
Ավելի վաղ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը դիմել էր ԿԸՀ ու խնդրահարույց համարել «ՀայաՔվե» դիտորդական առաքելության, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամի որոշ հայտարարություններ։




































