Ձերբակալվել է Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանը։
Armenia Today-ին Հակակոռուպցիոն կոմիտեից, առանց անուն նշելու, հայտնել են, որ կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվածի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Համբարձումյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից է։ «Ազատությունը» նոյեբերի 7-ին գրել էր, որ նա Վաղարշապատի ընտրություններում տեղամասային հանձնաժողովի նախագահ է լինելու, և ընթացող քարոզարշավին զուգահեռ՝ Ֆեյսբուքի իր էջում մանրամասն պատմել էր, թե որ բնակչին ինչ է բաժանել:
Վաղարշապատի ավագանու ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։ Մասնակցելու է 8 քաղաքական ուժ՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» դաշինքը (որը ներառում է «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները), ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ժառանգություն», «Հանրապետություն» և «Համաժողովրդական ճակատ» կուսակցությունները։
Մայիսին Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնը մնում է թափուր։





































