Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով, հայտնել է ՀՀ կառավարությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերին Ղազախստանում այցի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Առաջին նման տարանցիկ խմբաքանակը ղազախական ցորենի տեղափոխումն էր Հայաստան։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել էր Ալիևի հայտարարությունը:
«Դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումն Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ։
Գործադիրը շեշտել է, որ սա հանդիսանում է Վաշինգտոնում օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը՝ «նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը»։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջ նախատեսում է Ադրբեջանի տարածքով նոր երկաթուղային երթուղով Հայաստան ուղարկել ցորենով բեռնված ևս 132 վագոն: Նախկինում ռուսական արտահանումը Հայաստան իրականացվում էր հիմնականում ավտոտրանսպորտային միջոցներով՝ ցամաքային սահմանային անցումով և ծովով՝ Վրաստանի նավահանգիստներով։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 5-ին հայտնել էր, որ առաջիկա մի քանի օրում Ղազախստանից ցորենը նույնպես կստացվի Ադրբեջանի միջոցով։ Նրա տեղեկացմամբ՝ Ռուսաստանից և Ղազախստանից ցորենի երկու խմբաքանակ, որոնցից յուրաքանչյուրը կազմում է 1000 տոննա, գնվել է Հայաստանում գործող մասնավոր ընկերության կողմից։






































