Արագածոտնի և Կոտայքի մարզերում տեղի ունեցած ավտովթարների հետևանքով 3 անձ է զոհվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 17:40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Mercedes և GAZ 3110 մակնիշի ավտոմեքենաները․զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 3-ը։
ՀՀ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել վթարից՝ նշելով, որ Ծաղկահովիտ-Ապարան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz, GAZ մակնիշների ավտոմեքենաները և Volvo մակնիշի բեռնատարը․ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։ GAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 4 ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։ Հոսպիտալացման ճանապարհին ուղևորներից մեկը մահացել է։
Կայքը հայտնել է նաև Կոտայքի մարզում տեղի ունեցած վթարի մանրամասները։ Նոյեմբերի 3-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վրեժ Հ․-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, ինչի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել է։
Վթարի հետևանքով ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գոռ Ա․-ն «Աշտարակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Կայքը հավելել է, որ մահացածին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ մոտ 100 մետր խորությամբ փոսում։






































