Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը կրտսեր եղբորը՝ Էնդրյուին, զրկել է բոլոր տիտղոսներից և պահանջել է լքել կեցավայրը Վինձորում, հաղորդում է Reuters-ը։
Ըստ աղբյուրի՝ որոշումը կայացվել է՝ նպատակ ունենալով հեռու պահել թագավորական ընտանիքն Էնդրյուի՝ Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված սկանդալից։
65-ամյա Էնդրյուն՝ հանգուցյալ թագուհու երկրորդ որդին, վերջին տարիներին ճնշման տակ է իր վարքի և դատապարտված սեռական հանցագործ Էփշտեյնի հետ բարեկամության պատճառով։ Արդեն հոկտեմբերին նա ստիպված էր հրաժարվել Յորքի դուքսի տիտղոսից։ Այժմ Էնդրյուն զրկվել է նաև մնացած բոլոր տիտղոսներից և այսուհետ հայտնի կլինի որպես Էնդրյու Մաունթբեթեն-Վինձոր։ Մոտ ժամանակում նա կտեղափոխվի Արևելյան Անգլիայում գտնվող Սենդրինգհեմի կալվածքի տարածքում գտնվող մասնավոր տուն։
Պալատի հայտարարության մեջ ընդգծվում է, որ «այս քայլերն անհրաժեշտ են՝ չնայած այն հանգամանքին, որ նա շարունակում է հերքել իր դեմ առաջադրված մեղադրանքները»։ Թագավորն ու թագուհին իրենց հայտարարությամբ «խորին ցավակցություն են հայտնել բռնության և շահագործման բոլոր ձևերից տուժածներին և վերապրածներին»։
Էնդրյուն դեռևս 2011 թվականից աստիճանաբար զրկվել էր բոլոր պաշտոնական դերերից։ 2022-ին նրան զրկել էին զինվորական կոչումներից և բարեգործական կազմակերպությունների հովանավորությունից՝ սեռական չարաշահումների մեղադրանքների ֆոնին, որոնք նա հերքում է։
Ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակվել էր 2011 թվականի նամակագրություն Էնդրյուի և Էփշտեյնի միջև, որտեղ դուքսն առաջարկում էր «պահել կապը» և «նորից հանդիպել»։





































