Վաղարշապատում ընտրություններին ընդառաջ բարեգործություն կազմակերպելու հաղորդման առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել, Armenia Today-ը տեղեկացել է կոմիտեից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 221 հոդվածի հատկանիշներով (ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը վեց տարի ժամկետով-խմբ․):
News.am-ը գրել էր, որ հոկտեմբերի 16-ին՝ Վաղարշապատում ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլի մեկնարկից 1 օր առաջ, գյուղերից մեկում բարեգործական միջոցառում էր տեղի ունեցել։ Ըստ ԶԼՄ-ի՝ միջոցառմանը մասնակցել էին «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում ընդգրկված անձինք, այդ թվում՝ Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը, որն ընտրություններին մասնակցում է ՔՊ ցուցակի առաջին համարով։ Ըստ ԶԼՄ-ի՝ բաժանվել էին նվերներ, մատուցվել էր սնունդ։
Վաղարշապատի ավագանու ընտրությունները կկայանան նոյեմբերի 16-ին։ Մասնակցելու է ութ քաղաքական ուժ՝ «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» դաշինքը (որը ներառում է «Առաջ» և «ՀՅԴ» կուսակցությունները), ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան», «Ժառանգություն», «Հանրապետություն» և «ՀամաՀայկական ճակատ» կուսակցությունները։
Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ մայիսին ներկայացրած հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնը մնում է թափուր։






































