Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագիրը ՀՀ-ում ԱԲ գործարանի ստեղծման հիմք կհանդիսանա, հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա այս հայտարարությունն արել է խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ խոսելով Հայաստանում ԱՄՆ-ի Firebird ընկերության հետ համատեղ կառուցվելիք 500 մլն դոլար արժողությամբ ԱԲ տվյալների կենտրոնի մասին։
«Հենց նման ռազմավարական համաձայնագրերն են, որոնք ստեղծում են նախադրյալներ Հայաստանում «Արհեստական բանականության գործարանի» ստեղծման և նորարարությունների փոխանցման համար»,- ասել է նա։
Նախարարը հավելել է, որ աշխարհում քիչ երկրների են հասանելի ամենաառաջատար և նորարար տեխնոլոգիաները։ Հայրապետյանի խոսքով՝ արհեստական բանականությունը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է, և կառավարությունն ամեն օր աշխատում է ամերիկյան կողմի հետ՝ քաղաքական և տեխնոլոգիական մակարդակներում համագործակցությունը զարգացնելու համար։
Firebird ընկերությունը հունիսին հայտնել էր, որ Հայաստանում կկառուցվի 500 մլն դոլար արժողությամբ AI տվյալների կենտրոն՝ արհեստական բանականության ամպային հարթակ ստեղծելու համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և NVIDIA-ի հետ համագործակցաբար։ Նշվում է, որ կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք, որի գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։





































