ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը նրան հարցրել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» տերմինի կիրառության պատճառը: Այս մասին Սիմոնյանն այսօր հայտնել է լրագրողների հետ զրույցում:
Սյունիքով անցնող ճանապարհը, որը, ըստ TRIPP-ի («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանի հետ, Ադրբեջանի պաշտոնյաները «Զանգեզուրի միջանցք» են անվանում: Սիմոնյանի խոսքով՝ Գաֆարովան իրեն ասել է, որ «միջանցք բառի մեջ ոչ մի վատ բան չկա»:
«Իրենք կուզենան, որ Ադրբեջանում տնտեսական ինչ-որ միջանցք անցնի, իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրին, ասում է՝ դե տարածքն այդպես է կոչվում, դրա համար այդպես են ասում»,- իր պաշտոնակցի խոսքերը փոխանցել է ԱԺ նախագահը:
Սիմոնյանը հավելել է, որ Միլի մեջլիսի նախագահը նաև վստահեցրել է, որ ինքն իր հայտարարություններում TRIPP տերմինն է կիրառում: ՀՀ խորհրդարանի ղեկավարի կարծիքով՝ դա ուղղակի խոսույթի տարբերության խնդիր է:
Գաֆարովայի հետ հոկտեմբերի 20-ին կայացած հանդիպումը Սիմոնյանը դրական է գնահատել՝ նշելով, որ երկուստեք ընկալում կա, որ խորհրդարանները պետք է իրենց վրա վերցնեն հանրություներին պատրաստելու, մերձեցնելու, խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը:
«Շատ դրական, ջերմ հանդիպում է տեղի ունեցել, պայմանավորվել ենք կոնկրետ քայլերի մեխանիզմ քննարկել: Այդ ամբողջ հանդիպման ամենակարևոր բաներից մեկն այն է, որ ես կոնկրետ տեսա՝ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, մեր ընկալման մեջ, այլև ադրբեջանական կողմում»,- շեշտել է Սիմոնյանը՝ առանց հստակեցնելու, թե ինչ քայլերի մասին է խոսքը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջանի խորհրդարանի նախագահն այցելի Հայաստան, ԱԺ նախագահը չի բացառել՝ ասելով, որ միջազգային ձևաչափի շրջանակներում կարող է լինել նման բան:
«Թող գա, թող իրենց նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ, ես էլ կգնամ, բայց կան հարցեր, որոնք պետք է այնուամենայնիվ քննարկենք մինչև դա»,- հավելել է Սիմոնյանը:
Այդ հարցերի թվում նա նշել է Բաքվում պահվող հայ գերիների թեման: Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում 23 հայ ռազմագերի է գտնվում:
Սիմոնյանն ու Գաֆարովան հանդիպել էին Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում:





































