«Մեր ձևով» համաժողովրդական շարժումն արձագանքել է իշխանամետ լրատվամիջոցներում տարածված ձայնագրությանը, որում պնդում են, թե իբր հոկտեմբերի 18-ի հանրահավաքի մասնակիցներին նյութապես շահագրգռել են՝ մասնակցելու միջոցառմանը։ Շարժման ներկայացուցիչները հայտարարել են, որ ձայնագրությունում հիշատակվող անձանց հետ որևէ կապ չունեն։ Շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը նշել է, որ «ամենայն հավանկանությամբ «ձայնագրությունը» բեմադրված է վատ բեմադրիչի կողմից, որը նաև վատ կառավարիչ է»:
Շարժման համակարգարող Նարեկ Կարապետյանը ևս մեկնաբանել է սա՝ հաղորդումները կապելով հոկտեմբերի 18-ին Ազատության հրապարակում հավաքված մարդկանց քանակի հետ, ովքեր աջակցություն էին հայտնում «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։ Նրա խոսքով՝ իշխանությունները օգտագործել են իրենց սովորական ոճը և փորձել «բեմադրել «ձայնագրության» օպերացիան»։
«Հավատացե'ք, ձեր կառավարած երկրում մարդկանց շահագրգռել պետք չէ, որ դուրս գան ձեր դեմ: Դուք ամեն օր «շահագրգռում եք»»,- ընդգծել է Կարապետյանը։
Շարժումն այս պահին տեղեկություն չունի ձայնագրության հետ կապված իրականացվող հետաքննական գործողությունների մասին։ Կարապետյանն ընդգծել է, որ ցանկացած անձ, ով շարժման անունից փորձել է ինչ‑որ մեկին «հշահագրգռել», ներգրավված է եղել հատուկ ծառայությունների կողմից։





































