Գյումրիի քաղաքապետարանի մոտից մի շարք մարդկանց են բերման ենթարկել, այդ թվում՝ «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին։
Մխիթարյանին բերման են ենթարկել, երբ նա փորձել է կանխել ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ ուժի կիրառումը։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրել են «Մեր ձևով» շարժումից։
Հոկտեմբերի 20-ի առավոտյան իրավապահները քննչական գործողություններ էին սկսել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետ «խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներով» ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Քննչական գործողություններին զուգահեռ՝ քաղաքապետարանի տարածքում քաղաքացիները փորձում էին թույլ չտալ շենքից դուրս բերել Ղուկասյանին։
Ընդդիմությունը Ղուկասյանի նկատմամբ գործողությունները կապում է Միութենական պետությանը սատարող Ղուկասյանի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարության հետ։ Փաշինյանը նշել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություն անողներին պետք է ուղղակի դուրս շպրտել քաղաքական և հանրային կյանքից»։





































