Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոկտեմբերի 16-ին Արագածոտնի թեմի քահանաների հետ հանդիպմանն իր օրհնությունն ու քաջալերանքն է բերել նրանց, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:
Քահանաները հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից:
Հոգևորականների ձերբակալությունների երկրորդ ալիքն սկսվել էր Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ իրեն լռեցնելու մասին գրառումներից հետո: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ է կանգնել նրա և եկեղեցու խնդիրները վեր հանող հոգևորականների թիկունքին։ Մինչդեռ Արագածոտնի թեմը քահանային կարգապահական նկատողություն էր հայտարարել, սեպտեմբերի 17-ին՝ կեղծ որակել հարցազրույցում նրա հնչեցրած հայտարարությունները։
Հոկտեմբերի 15-ին Մայր Աթոռից հայտնել էին Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների և թեմի առաջնորդի տան խուզարկության, այնուհետ նրանց բերման ենթարկելու մասին։ Ավելի ուշ Մայր Աթոռը տեղեկացրել էր, որ բերման են ենթարկվել Արագածոտնի թեմի առաջնորդը և 12 հոգևորական։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ կատարվում են գործողություններ՝ հավաքի մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։





































