Հայաստանի քննչական կոմիտեն տնտեսական բնույթի նոր մեղադրանք է առաջադրել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին, հայտնել է գործարարի փաստաբանական խումբը։
Պաշտպանական կողմը նշել է, որ մեղադրանքն առաջադրվել է առանց որևէ առնչության տվյալի, նվազագույն իրավական և օրինական հիմքի:
Փաստաբանները հիշեցրել են, որ ավելի քան 50 մարդուց բաղկացած քննչական մարմինն օգոստոսի 15-ից Կարապետյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացրել՝ մերժելով նրանց միջնորդությունները: Ըստ փաստաբանների՝ այս գործողություններն իրավական տրամաբանությունից դուրս են:
«Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է հունիսի 17-ին սոցիալական ցանցերում նրա նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային խոստումով (վարչապետ Նիկոլ Փաշինյանի-խմբ․) և իրավապահներին արված ցուցումներով»,- հավելել են փաստաբանները։
ՔԿ-ից Armenia Today-ին հայտնել են, որ Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է քրեական օրենսգրքի երկու կետ։
«Ավելացվել են ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 12 տարի ժամկետով-խմբ.)»,- նշել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, օգոստոսին նա հայտարարել էր «Մեր ձևով» ժողովրդական շարժման ստեղծման մասին, որն սկզբում կլինի ապաքաղաքական, այնուհետ քաղաքական հայտ կներկայացնի։ Կարապետյանն իր մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով քաղաքական:
Մամուլը հոկտեմբերի 10-ին գրել էր, որ իրավապահ համակարգում քննարկվում է բարերարի կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը:
Կարդացեք նաև՝





































