Նուբարաշենի աղբավայրում երկու օր տևած հրդեհի հետևանքով առաջացած ծխի ծավալն զգալի է, սակայն կրակի հիմնական օջախները լուսադեմին գրեթե մարել են, այս պահին իրականացվում են ծխածածկույթի նվազեցման աշխատանքներ, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ ներկայումս աղբավայրում գործում է շուրջ 20 միավոր հատուկ տեխնիկա՝ ներառյալ Փրկարար ծառայության, ԵԱՍՄ համայնքային հիմնարկի և կապալառու ընկերությունների ամբարձիչները ու բեռնատարները։
«Երկու օրերի ընթացքում աղբավայր է տեղափոխվել 248 բեռնատար հող՝ տարածքը ծածկելու և ծխի մակարդակը նվազեցնելու նպատակով»,- նշել է Ավինյանը։
Բացի հրդեհաշիջման աշխատանքներից, քաղաքապետարանն սկսել է նաև աղբավայրի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործողությունները։ Ըստ Ավինյանի՝ սկսվել են արտաքին լուսավորության համակարգի, տեսախցիկների և արգելապատնեշների տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Աղբավայրի մուտքը գործում է խստացված ռեժիմով։
Հրդեհի հետևանքով ծխի տարածումն անդրադարձել է նաև մայրաքաղաքի օդի որակի վրա։ Քաղաքապետ Ավինյանը հայտնել է, որ ժամը 11:00-ի դրությամբ՝ Երևանի կենտրոնում արձանագրվել է օդի աղտոտվածության բարձր մակարդակ՝ ըստ տվիչների՝ 105 միավոր։
«Այս ցուցանիշը դասվում է անառողջ զգայուն խմբերի համար կատեգորիային։ Թեև այն դեռ չի առաջացնում կարճաժամկետ բացասական ազդեցություն ընդհանուր բնակչության առողջության վրա, սակայն շնչառական խնդիրներ ունեցող անձանց համար այն կարող է վտանգավոր լինել»,- զգուշացրել է Ավինյանը։
Քաղաքապետը հորդորել է հատկապես շնչառական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը և խուսափել ֆիզիկական ակտիվությունից բաց տարածքում։
Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է, եզրափակել է նա։
Հոկտեմբերի 10-ին Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել, որն ավելի ուշ մարվել էր։ Ավինյանն աղբավայրում բռնկված հրդեհը «դիտավորություն» էր անվանել։ Քաղաքապետը տեսաուղերձում նշել էր, որ «հրդեհի հեղինակներն անպատիժ չեն մնա»։ Աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 8-ի գիշերվանից, հրդեհաշիջման աշխատանքներն սկսվել էին օգոստոսի 9-ից, շարունակվել մի քանի օր: Երկրորդ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին։




































