Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանց բանակցությունների հիմնական թեման անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական AZAL ինքնաթիռի վթարի շուրջ ստեղծված իրավիճակն էր, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Պուտինը նշել է, որ հետաքննությունը վերջնականապես ավարտելու համար ժամանակ է պետք։ Նա ընդգծել է, որ հոկտեմբերի 7-ին իրեն զեկուցել են վթարի նախնական պատճառների մասին։ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Ալիևի հետ հանդիպումից առաջ հետաքրքրվել է նոր մանրամասներով, սակայն այս պահին լրացուցիչ տեղեկություններ չկան։
Պուտինը հիշեցրել է, որ նախկինում ներողություն է խնդրել միջադեպի համար և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։ Նա ասել է, որ Մոսկվան անում է ամեն ինչ՝ ողբերգության հանգամանքները պարզելու համար։
Ալիևն, իր հերթին, հույս է հայտնել, որ հետաքննությունը կանցկացվի օբյեկտիվորեն և լիովին կպարզաբանի միջադեպի բոլոր պատճառները։ Կողմերը քննարկել են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Պուտինի խոսքով՝ չնայած դժվարին հանգամանքներին՝ երկկողմ համագործակցությունը շարունակում է ամրապնդվել։
Պուտինը և Ալիևը զրուցել էին սեպտեմբերի 3-ին՝ Պեկինում։ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կան խնդիրներ, բայց երկրների հարաբերությունների զարգացման փոխադարձ շահագրգռվածությունն «ամեն ինչ իր տեղը կդնի»։
2025 թվականից Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները կտրուկ սրվել էին։ Առիթը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին ուղևորատար ինքնաթիռի կործանումն էր, որն Ադրբեջանը կապում է ռուսական ՀՕՊ համակարգի գործողությունների հետ և պահանջում է ընդունել մեղքը։ Կործանված ինքնաթիռի հարցով Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստում միջազգային արդարադատության համակարգ դիմելու համար։






































