«Քաղաքացիական պայմանագրի» նախկին, այժմ անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ընդդիմությանն առաջարկել են նախ շահագրգիռ քաղաքական ուժերի միջև իշխանության հստակ բաժանում կատարել, որ հետո բոլորը պաշտոններ ստանան, գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ Աղազարյանը փոխվարչապետի պաշտոն է նախանշել իր համար, սակայն «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը թերթին հերքել է այդ տեղեկությունը։
«Մենք որեւէ մեկի հետ պաշտոնների հետ կապված քննարկում չենք իրականացրել, որովհետև գործընթացի հիմքում ոչ թե պաշտոններն են, այլ իշխանությունների շուտափույթ հեռացման ծրագիրը»,- ասել է նա։
Armenia Today-ը կապ հաստատեց Աղազարյանի հետ՝ պարզելու լուրի իսկությունը։
«Ոչ, նման բան տեղի չի ունեցել»,- ասաց Աղազարյանը՝ հղում անելով ավելի վաղ ֆեյսբուքյան իր գրառմանը, որտեղ պարզաբանել էր մոտեցումը։
Հասարակական գործիչներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանն իմփիչմենթ անցկացնելու կոչով ապրիլին դիմել էին խորհրդարանի պատգամավորներին: «Պատիվ ունեմ» խմբակցությունն աջակցել էր նախաձեռնությանը և առաջադրել Համբարձումյանի թեկնածությունը։ «Հայաստան» խմբակցությունը կասկածի տակ էր դրել նախաձեռնության հեղինակների անկեղծությունն ու Փաշինյանին հեռացնելու համար փողոցային ճնշումների կոչ էր արել: Սեպտեմբերի 26-ի ԱԺ լսումներին «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր իմփիչմենթի գործընթացին միանալու մասին։
Ասլանյանն ու Աղազարյանը մայիսին վարչապետի պաշտոնում առաջարկել էին Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։
Կարդացեք նաև՝




































