Turkish Airlines (THY) ընկերությունը հայտարարել է դեպի Հայաստան կանոնավոր չվերթեր սկսելու որոշման մասին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Մեր ընկերության տնօրենների խորհուրդը որոշել է կանոնավոր չվերթեր սկսել դեպի Ռումինիայի Տիմիշոարա և Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ կախված միջոցների առկայությունից և շուկայական պայմաններից»,- ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սեպտեմբերի 12-ին այցելել էր Հայաստան։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Քըլըչը 6-րդ հանդիպմանը վերահաստատել էին կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու հանձնառությունը։
Մարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ հայ և թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղային երթուղու վիճակը։ Նա հիշեցրել էր, որ Երևանի և Անկարայի միջև օդային բեռնափոխադրումների արգելքն արդեն հանվել է, և իրականացվում են ուղիղ չվերթեր։






































