Մերձավանում կատարված սպանությունը բացահայտվել է, տեղեկացնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ոստիկանության մյուս ստորաբաժանումների աշխատակիցների հետ ձեռնարկած համագործակցված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին են ներկայացրել մեկ անձի, ով խոստովանել է, որ Մերձավանում ինքն է կրակոցներ արձակել 3 անձի ուղղությամբ, ինչի հետևանքով 2-ը մահացել էին, իսկ 1-ն ստացել էր հրազենային վնասվածք»,- նշել է նա:
Սարգսյանը հավելել է, որ հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել է, և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Սեպտեմբերի 24-ի գիշերը ՆԳՆ-ն հայտնել էր Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության, ինչպես նաև քաղաքացի Արծրուն Գալստյանի վիրավորվելու մասին: Գրիգորյանը Փարաքարի ղեկավար էր ընտրվել մարտին կայացած ընտրությունների արդյունքներով։ ՔԿ-ն դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել։ ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը տեղեկացրել էր, որ գործով ձերբակալվածներ չկան։ Քննչական կոմիտեն սեպտեմբերի 27-ն հաստատել էր, որ այս գործով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ:






































